Տիգրան Գալեմճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալեմճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Գալեմճյան (1844, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 27, 1920, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ թատերական գործիչ։
Տիգրան Գալեմճյան | |
---|---|
Ծնվել է | 1844 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 27, 1920 |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | թարգմանիչ և դերասան |
Աշխատավայր | Արևելյան թատրոն և Վարդովյան թատրոն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Բեմական ասպարեզ է մտել 1860-ականների սկզբներինմ նախ խաղացել է «Արևելյան թատրոնում», ապա՝ 1868-1869 թատերաշրջանից դարձել է Հակոբ Վարդովյանի թատերախմբի հուշարարը, հետագայում՝ Վարդովյանի գործակիցը։ Այդ տարիներից գրել է պատմական ողբերգություններ, որոնք բեմադրվել են Վարդովյանի և այլ թատերախմբերի կողմից։ 1879 թվականին նրա «Արա Գեղեցիկ» ողբերգության ներկայացման առիթով է, որ սուլթանական կառավարությունը արգելել է հայերեն ներկայացումները։ Նույն այդ տարում ստեղծել է մի նոր խումբ, կառավարությունից թույլտվություն ստացել, բարեգործական նպատակներով ներկայացումներ տվել Պոլսի արվարձաններում, այս ձևով հայ թատրոնի գոյությունը հասցնելով մինչև 1882։ Այնուհետև հարկադրված է եղել աշխատել թուրքական խմբերում։
1896 թվականին մեկնել է Բուլղարիա, Վառնայում միացել է Արշակ Պենկլյանի խմբին։ Այստեղ էլ գրել է պիեսներ բուլղարական և հայկական կյանքից, ինչպես «Սասնո հերոսները», «Զեյթունի ապստամբությունը», «Վասպուրականի հերոսները»։ Թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «Էռնանին», «Արքան զբոսնում է», Ջուզեպպե Վերդիի «Աիդայի» լիբրետտոն, Շեքսպիրի «Օթելլոն», «Համլետը», «Լիր Արքան», «Մակբեթը», «Ռոմեո և Ջուլիետը», որոնց մի մասը բեմադրվել է հայերեն, մի մասը՝ թուրքերեն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 215.