Սերգեյ Ավագյան (գրող)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ավագյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Ավագի Ավագյան (նոյեմբերի 1, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2023, Երևան, Հայաստան), հայ գրող, լրագրող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, «Շարուր» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Շրջակա միջավայրի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Հայաստանի լրագրողների միության անդամ։
Սերգեյ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1926 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 24, 2023 (96 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1955) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1967) |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Ավագի Ավագյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում։ Ծնողները՝ Ավագ Ավագյանը և Վարդանուշ Բեկնազարյանը, Շարուրի կոտորածներից փախչելով հասել են Երևան[1]։
Գերազանց ավարտել է միջնակարգ դպրոցը և 1944 թվականի վերջերին զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվել է 1950 թվականի սկզբներին։ 1955 թվականին ավարտել է Երևանի համամիութենական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, աշխատել է հանրապետության տարբեր շրջաններում։ 1967 թվականին հեռակա կարգով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի բաժինը[1]։
Ավարտել է ԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական թռչնաբուծական և տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և նույն տարում Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) ատենախոսել թեզ։ Սերգեյ Ավագյանին շնորհվել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ընտրվել է Շրջակա միջավայրի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ[1]։
Կազմակերպել է «Շարուր» հայրենակցական միությունը, որի պատվավոր նախագահն է։ Հայաստանի ազատամարտի վետերանների միության քաղաքական խորհրդի անդամ է[2]։
Նրա շնորհիվ նախկին Շահվերդյան փողոցը վերանվանվել է Շարուրի փողոց, իսկ Սելիմի լեռնանցքը վերանվանվել է՝ Վարդենյաց։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՀրատարակել է 30 անուն գիրք՝ «Շարուր», «Սուրմալու», «Հայ իրավաբաններ», «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը և մենք», «Ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում» և այլն[1]։
Հայաստանի լրագրողների միության անդամ է։ Տպագրել է շուրջ 350 հոդված՝ մասնագիտական, հասարակական, քաղաքական թեմաներով, մասնակցել է մի շարք կոնֆերանսների[2]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է ԽՍՀՄ կառավարական, նաև Հայաստանի Հանրապետության մեդալներով[1][2]։