Շիկահողի արգելոց, արգելոց Հայաստանի Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում՝ ընդգրկելով Ծավ և Շիկահող լեռնային գոտիների ավազանները։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։

Շիկահողի արգելոց
Տեսակարգելոց
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՍյունիքի մարզ
Հիմնվել է1958
Մակերես100 կմ²
Շիկահողի արգելոցը գտնվում է Հայաստանում
Շիկահողի արգելոց

Բուսական աշխարհը

խմբագրել

Բուսական աշխարհ ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով՝ Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն։ Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում։ Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը)։ Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ՝ տանձենին, արևելյան խնձորենին, կենին, հունական վայրի ընկուզենին, լորենին, հացենին, թխկին, թեղին, սալորենին։ Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին։ Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ։ Հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան։

Կենդանական աշխարհը

խմբագրել

Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ և սև անգղները, կաթնասուններից՝ գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, վայրի ոչխարը, հովազը։ Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Գրականություն

խմբագրել
  • Մ.Գ. Մանասյան, Ա.Թ. Գրիգորյան, Ա. Հ. Պոտոսյան, Սյունիքի մարզ, Երևան 2002
  • Յա. Ի.Մուլքիջանյան, Հայկական ՍՍՀ արգելանոցները և արգելավայրերը, Երևան 1975
  • Հայաստանի բնաշխարհ, ընտանեկան հանրագիտարան մատենաշար, Երևան 2006
  • Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներ,«Խազեր»,Երևան 2014