Մթնոլորտի շրջանառություն
Մթնոլորտի շրջանառություն, ընդհանուր, Երկրագնդի վրա մոլորակային մասշտաբի օդային հոսանքների համակարգ։ Տրոպոսֆերայում Մթնոլորտի շրջանառության օղակների շարքին են դասվում պասսատները, մուսսոնները, ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեությամբ պայմանավորված օդային հոսանքները, ստրատոսֆերայում՝ օդային զանգվածների գերազանցապես զոնալ (արևմտյան և արևելյան) տեղափոխությունները։ Մթնոլորտի շրջանառությունը կլիմայի կազմավորման կարևորագույն պրոցեսն է։ Եղանակի փոփոխությունները բնորոշվում են ոչ միայն երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև գոյություն ունեցող տեղական մասշտաբի ջերմա- և ջրապտույտի, այլև Մթնոլորտի շրջանառության պայմաններով։ Մթնոլորտի շրջանառությունը պայմանավորված է մթնոլորտային ճնշման անհավասարաչափ բաշխմամբ (բարիկական գրադիենտի առկայությամբ), որն ամենից առաջ արդյունք է արեգակնային ճառագայթման անհավասարաչափ հոսքի (ըստ աշխարհագրական լայնությունների) և հատկապես ծովային ու ցամաքային տարածությունների ստորաբաժանման հետ կապված երկրի մակերևույթի ֆիզիկական հատկությունների տարբերության։ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխումը և դրա հետևանքով առաջացած տարբեր ինտենսիվության ջերմափոխանակությունը հանգեցնում են Մթնոլորտի շրջանառության մշտական գոյությանը։ Կորիոլիսի ուժի շնորհիվ օդի շարժումը Մթնոլորտի շրջանառության մեջ դառնում է քվազիգեոսարա-ֆիկական, այսինքն՝ մեծ մասամբ (բացառությամբ մերձարևադարձային լայնությունների և սահմանային շերտի) բավական մոտ է գեոստրաֆիկական քամուն։ Վերջինս ուղղված է իզոբարների ուղղությամբ, այսինքն՝ բարիկական գրադիենտներին ուղղահայաց։ Երկրամերձ շերտերում (մինչև 1-1,5 կմ բարձրության վրա) քամին, շփման ուժի ազդեցության հետևանքով. զգալիորեն տարբերվում է գեոստրաֆիկական քամուց ինչպես արագությամբ, այնպես էլ ուղղությամբ։ Սակայն 5 կմ-ից վեր, որտեղ ցամաքների, ծովերի և ցիկլոնների ու անտիցիկլոնների գործունեության ազդեցությունը թուլանում է, հաստատվում է օդի զոնալ (արմ.-արլ.) տեղափոխություն համարյա ամբողջ Երկրագնդի վրա։ Բացառություն է կազմում միայն հասարակածային, ունի արևելյան ուղղություն։ Ստորին տրոպոսֆերայում և երկրամերձ շերտերում ճնշման զոնալ բաշխումն ավելի բարդ է, որովհետև այն պայմանավորված է հիմնականում ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեությամբ։ Ցիկլոնները շարժվում են հիմնականում դեպի արևելք, շեղվելով դեպի ավելի բարձր, իսկ անտիցիկլոնները՝ ավելի ցածր լայնություններ։ Դրանով է պայմանավորված երկրամերձ շերտերում գոյություն ունեցող հասարակածային գոտու ցածր ճնշման, մերձարևադարձային գոտու 2 բարձր, մերձբևեռային գոտու 2 ցածր և բևեռային գոտու 2 բարձր ճնշման զոնաները։ Իրական մթնոլորտի պայմաններում Մթնոլորտի շրջանառությունը շատ ավելի բարդ է, կախված ջերմային աղբյուրների և ցիկլոնային ու անտիցիկլոնային գործունեության սեզոնային բաշխումից, շարունակ փոփոխվում է։ Այդ փոփոխությունները (հատկապես ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեության) առաջ են բերում միջօրեականի ուղղությամբ օդի տեղաշարժեր, որոնք պասսատների, անտիպասսատների և մուսսոնային հոսանքների ձևով խախտում են Մթնոլորտի շրջանառության նկարագրված պարզ պատկերը։ Ջերմափոխանակությունը վերջին դեպքում ավելի ինտենսիվ է։ Մթնոլորտի շրջանառության առավել ընդհանուր և կայուն հատկանիշները ուսումնասիրելու համար օգտագործվում են մթնոլորտի տարբեր բարձրության շերտերի ճնշման և քամիների երկարամյա դիտարկումների միջին տվյալները։ Դրան զուգընթաց օդերևութաբանական քարտեզների միջոցով ուսումնասիրվում է նաև Մթնոլորտի շրջանառության օրական փոփոխությունների ռեժիմը։ Դրանք հնարավորություն են տալիս առանձնացնել Մթնոլորտի շրջանառության տիպերը և պարզել նրանց կրկնման ու ձևափոխման հաճախականությունը, որոնք կարևոր են եղանակի երկարատև կանխատեսումների համար։ Տարբերում են նաև Մթնոլորտի շրջանառության տեղական, որն ընդգրկում է աշխարհագրական պայմաններով սահմանափակված նեղ շրջանների օդային հոսանքները՝ լեռնահովտային քամիներ, բրիզներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 520)։ |