Համամ
Համամ[1] (արաբ․՝ حمّام), հասարակական բաղնիքի անվանում Թուրքիայում և Արևելքի երկրներում։
Պատմություն
խմբագրելԹուրքական բաղնիք կամ «համամ» անվան ծագումնաբանությունը կապված է հռոմեական թերմերի հետ։ «Համամ» անվանումը առաջացել է արաբերեն «համ»՝ «տաք է» բառից։ Համամը տաքացվում էր ջրով լի մեծ կաթսայով։ Գոլորշին, որը առաջանում էր ջրի եռումից, տարածվում էր ոչ մեծ անցքերով, որոնք գտնվում էին պատի մեջ։ Թուրքական համամների ներքին կահավորանքը բավականին ճոխ է։ Անգամ Մուհամմադ մարգարեն է ժամանակին նշել, որ համամ այցելելը պարտադիր պայման է յուրաքանչյուր մուսուլմանի համար։ Համաձայն Ղուրանի՝ «Մաքրությունը կրոնի կեսն է» (Մուսլիմ, Թահարեթ, 1)։ Այսպես թուրքական բաղնիքները մեծ ճանաչում ձեռք բերեցին։ Արդյունքում Թուրքիայում ի հայտ է եկել «համամի փիլիսոփայություն» հասկացությունը, որի հետ կապված են մի շարք ավանդույթներ և արարողակարգեր։ Արևելքում թուրքական բաղնիքը համարվում է իրական հաճույքի աղբյուր։
Հաճախ համամների մոտակայքում կառուցվել են այլ կրոնների տաճարներ։ Թուրքիայում մի շարք համամներ կառուցվել են հռոմեական թերմերի հիմքի վրա։ Համամների հիմնական տարբերակիչ հատկանիշը համարվում է հատուկ ջերմաստիճանային ռեժիմը։ Այն այնքան էլ տաք չէ, ինչպես սովորական բաղնիքը կամ սաունան (սովորաբար 30-55 աստիճան)։ Սա իդեալական ջերմաստիճան է այն անձանց համար, ովքեր չեն սիրում կամ չեն կարողանում դիմանալ բարձր ջերմաստիճանի։ Առանձին համամներ կան նաև կանանց համար։ Թուրքիայում կանացի բաղնիքները միշտ կառուցվել են տղամարդկանց բաղնիքների մոտ։ Նրանք ունեին ջրային սնուցման միևնույն համակարգը, սակայն առանձին մուտքեր։ Այն դեպքում, երբ տվյալ համայնքի միջոցները չէին խնայում կառուցելու առանձին համամներ, ապա կառուցվում էր մեկը և տղամարդկանց, և կանանց համար։ Կանանց համար համամ այցելելու առանձին օր գոյություն ուներ։ Այդ օրերին մուտքի դռան երկայնքով կախվում էր պարան, ինչը խորհրդանշում էր՝ «կանանց օր»։ Սա վերաբերում էր Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի մի շարք իսլամադավան երկրների։
Թուրք կանանց համար համամ այցելելն առանձին արարողակարգ է, որը հասարակական կյանքի անբաժան մասն է։ Այստեղ կարելի է քննարկումներ իրականացնել, կիսվել նորություններով, ինչպես նաև բամբասել։ Ամեն մի թուրք շաբաթը մեկ անգամ պետք է թույլատրի իր կնոջը՝ գնալու համամ։ Կանանց հավաքվելը համամներում իսկական տոն էր նրանց համար։ Նրանք հագնում էին իրենց տոնական հագուստները, պարտադիր պետք է բերեին քաղցրավենիք։ Համամում նրանք խմում էին թուրքական սուրճ և շփվում՝ մնալով համամում առավոտից մինչ երեկո։
Այսօր
խմբագրելԹուրքիայի ցանկացած բնակավայրում կարելի է համամ գտնել։ Մայրաքաղաք Անկարայում դրանք ավելի քան 100-ն են։ Ամենահայտնի համամը Ջալալօղլուի համամն է, որտեղ համաձայն դրա տերերի՝ լողացել է Անգլիայի արքա Էդուարդը, Վիլհելմ կայզերը, Ֆերենց Լիստը։ Բուրսայում առկա են, այսպես կոչված, Հին Բաղնիքները («Էսքի Քափլըջա»), որոնք կառուցվել են դեռևս Հուստինիանոս Ա կայսեր օրոք և համարվում են Թուրքիայի ամենագեղեցիկ բաղնիքները։ Ստամբուլում պահպանվել են պատմական 5 համամներ, որոնցից մեկը կառուցել է ազգությամբ հայ ճարտարապետ Միմար Սինանը[2]։
Մի շարք բժիշկների կարծիքով, համամն ունի դրական ազդեցություն մարդու առողջության համար։ Եվրոպայում առաջին թուրքական բաղնիքները կառուցվել են Գերմանիայում, Անգլիայում։ ԱՄՆ-ում թուրքական առաջին բաղնիքներն ի հայտ են եկել XIX դարում։ Այդ ժամանակաշրջանում գրում էին, որ թուրքական բաղնիքները նպաստում էին մարդկային տկարության վերականգնմանը։ Մի շարք մասնագետներ վկայում էին, որ թուրքական բաղնիքները օգնում են բուժելու այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մրսածությունը, ասթման, բրոնխիտը, ջերմությունը և խոլերան։
Այսօր համամի ծառայություններն առաջարկվում են սպա ծառայությունների հետ մեկտեղ։ Զուգահեռ առաջարկվում է նաև մերսում, պիլինգ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Русский орфографический словарь РАН / Под ред. В. В. Лопатина, О. Е. Ивановой. М., 2012
- ↑ 5 лучших исторических хаммамов Стамбула
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համամ» հոդվածին։ |