Փետրավորումը գորշաշիկավուն է, գորշ ու բաց երկայնակի պտերներով, կուրծքը և որովայնը շիկավուն են, արուների կոկորդը գորշագույն է, աշնանը սպիտակ։ Էգերի կոկորդը սպիտակ է, կրծքի վրա ունեն մուգ բծեր։ Քաշը մինչև 130 գրամ։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Լայն տարածված է լեռնային տափաստանների հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների ցանքատարածություններում, ալպիական մարգագետիններում և փարթամ խոտաբույսերի դաշտերում։ Վերջին տասնամյակում տեսակի թվաքանակը նկատելիորեն նվազել է։
Բույնը դնում է գետնին, պատրաստում է չոր խոտաբույսերից։ Բնադրվում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Դնում է 7-20 շիկաձիթապտղագույն, խոշոր, գորշ պտերով ձվեր։ Օրվա մեծ մասը անց է կացնում գետնին, թփերին, ծառերի ճյուղերին չի նստում։ Թռիչքը ուղղաձիգ է՝ թևերի արագ թափահարումներով։ Արուն երգում է սուր սուլող ձայնով՝ ընդհատումներով։ Սնվում է տարբեր բույսերի սերմերով, հացահատիկային կուլտուրաներով և միջատներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 666)։