Ընտրություններ Հայաստանում

Ընտրություններ Հայաստանում, ընտրովի պաշտոններում ներկայացուցիչների ընտրության համակարգ Հայաստանում։

Ազգային ժողովի պատգամավորների ընտրություն

խմբագրել

18 տարեկանը լրացած քաղաքացիների համընդհանուր ուղղակի քվեարկության արդյունքում ընտրվում են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները։ Քաղաքացիներն ընտրում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կամ կուսակցությունների դաշինքի) փակ ցուցակներից։ Քաղաքացիների ձայների տեղաբաշխումը կատարվում է համամասնական ընտրակարգով[1]։ Ընդ որում, ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը[2]։

Ընտրացուցակների ձևավորում

խմբագրել

Համաձայն Սահմանադրության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք[2]։

Յուրաքանչյուր կուսակցությունից թեկնածուների կամայական երկարության ցանկի վերին մասում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը պետք է լինի առնվազն 30%։

Համաձայնը Ընտրական օրենսգրքի՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով (վերջին մարդահամարի տվյալներով՝ ռուսներին, եզդիներին, քրդերին և ասորիներին

Անցումային շեմ

խմբագրել

Կուսակցությունների համար սահմանված է 6% և դաշինքների համար 8% վավեր ձայների անցումային շեմը։ Եթե այդ շեմը հատել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։

Կոալիցիաների կազմավորում

խմբագրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախնական արդյունքները հրապարակելուց հետո կուսակցությունները (դաշինքները) ունեն 6 օր՝ ըստ անհրաժեշտության 2 կամ 3 կուսակցություններից (դաշինքներից) կոալիցիա ստեղծելու և բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Բոնուսային համակարգ

խմբագրել

Պահպանվել է 2015 թվականի փոփոխություններով մտցված այսպես կոչված «բոնուսային համակարգը», ըստ որի՝ եթե կուսակցությունները կամ դաշինքները կամ դրանցից ձևավորված կոալիցիան ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 %-ից պակաս, ապա կոալիցիան ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում կոալիցիայի մանդատների ընդհանուր քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 %-ը։

Ընտրությունների երկրորդ փուլ

խմբագրել

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական արդյունքները հրապարակելուց 6 օր հետո ձայների մեծամասնությունն ունեցող վարչապետի թեկնածու չի առաջադրվում, քվեարկությունից 28 օր հետո անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շուրջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ` կազմված արգելապատնեշները հաղթահարած կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), եթե նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Խորհրդարանում տեղերի բաշխման դեպքում առաջին փուլի արդյունքում ստացածները պահպանվում են։ Համաձայն «բոնուսային համակարգի»՝ երկրորդ փուլում հաղթած քաղաքական ուժը խորհրդարանում ստանում է ոչ պակաս քան 54% տեղ, բայց ոչ ավելի քանի 66%։

Ընտրական համակարգի համամասնությունը

խմբագրել

Չնայած գործող ընտրական համակարգը չունի մեծամասնական շրջաններ և մանդատների բաշխումն իրականացվում է բացառապես համամասնական ցուցակներով, այնուամենայնիվ այն չի ապահովում մանդատների բաշխում ընտրողների ձայների ամբողջական համամասնությամբ՝

  1. մանդատների բաշխումից ընտրական շեմը չհաղթահարած կուսակցությունների և դաշինքների թեկնածուների հանումը,
  2. մանդատների բաշխումը «բոնուսային համակարգով»։

Մինչ 2021 թվականի ապրիլի ընտրական օրենսգրքի փոփոխությունները պատգամավորների կեսն ընտրվում էր բաց կուսակցական ցուցակներով համամասնական ընտրակարգով, ընդ որում առանձին կուսակցական ցուցակները կազմվում էին 13 խոշոր բազմամանդատ ընտրական շրջաններից յուրաքանչյուրի համար։

Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններն անցկացվում էին խառը՝ մեծամասնական-համամասնական ընտրակարգով, իսկ մինչև այդ՝ բացառապես մեծամասնական միամանդատ շրջաններում։

Ընտրություններ Ազգային ժողովում

խմբագրել

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունն իրականացվում է խորհրդարանի պատգամավորների կողմից։ Մինչ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները՝ գործադիր իշխանության ղեկավար հանդիսացող ՀՀ նախագահն ընտրվում էր համապետական ուղղակի քվեարկության արդյունքում։

Խորհրդարանն ընտրում է նաև վարչապետին, Սահմանադրական դատարանի անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանին և իշխանական մարմնի մի շարք այլ ներկայացուցիչների։ Խորհրդարանում ընտրված թեկնածուների նշանակումը կատարվում է նախագահի կողմից, որը կա՛մ պետք է կատարի նշանակումը, կա՛մ ընտրությունը բողոքարկի Սահմանադրական դատարանում։

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ընտրություններ

խմբագրել

Խոշոր քաղաքներում բնակիչներն ընտրում են ավագանի (քաղաքային խորհուրդ), որն էլ այնուհետև ընտրում է քաղաքապետին։ Այսպես է ընտրվում Երևանի քաղաքապետը։

Քաղաքային համայնքներում, որոնք ունեն 4000-ից ավելի ընտրողներ, համայնքի ղեկավարի և քաղաքային խորհրդի անդամի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։

Քաղաքային համայնքներում, որոնք ունեն մինչ 4000 ընտրողներ (բացառությամբ խիտ բնակեցված համայնքների), համայնքի ղեկավարի և քաղաքային խորհրդի անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

Մյուս համայնքների ղեկավարներն ընտրվում են ուղղակի քվեարկության արդյունքում։ Ընդ որում, խոշորացված համայնքները կազմված են մի քանի բնակավայրերից։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի ընտրական օրենսգիրք». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի Սահմանադրություն - Գրադարան - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ». www.president.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել