Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան, կրոնական գիշերօթիկ ուսումնական հաստատություն պատրիարքարանի տնօրինության ներքո։ Հիմնվել է 1843 թվականին, Ռամլեում, Զաքարիա Կոփեցի պատրիարքի օրոք։ Մեկ տարի անց տեղափոխվել է Երուսաղեմ[1]։
Պատմություն
խմբագրելՍուրբ Աթոռում նորահաս աշակերտների պատրաստությունը երբևէ անտեսված գործ չի եղել, չնայած ավանդության մեջ ինչ-որ հատուկ շենքի գոյության հիշատակություններ չենք գտնում։ Դրա պակասը վերագրվում է ուսուցման նախկին ձևին, ըստ որի՝ ուսուցանվում էր ոչ թե դասարանում, այլ որևէ վարդապետի հետ ապրելով որպես աշակերտ, վարժվում էին եկեղեցու սպասավորությանը՝ ուսանելով անհրաժեշտ առարկաները։ 19-րդ դարի առաջին կեսին հասունանում է Ժառանգավորաց վարժարան ստեղծելու մտադրությունը, որի առաջին քայլերը կատարողները եղան Պողոս Ադրիանապոլսեցի կառավարիչը, Զաքարիա Կոփեցի և Կիրակոս Երուսաղեմացի պատրիարքները։ Կ. Պոլսում և Վենետիկում տեսածի ազդեցության ներքո Զաքարիա Կոփեցի պատրիարքն առաջինը հետամուտ եղավ այդ գործին։ 1843 թվականին Ռամլեի վանքում բացեց առաջին վարժարանը, որից մեկ ու կես տարի հետո՝ 1845 թվականին, փոխադրեց Երուսաղեմ՝ մի մասնավոր տուն և ուսուցիչ նշանակեց Արմաշի վանքից Մուրատ Վարժապետին։ 1847 թվականին իրեն հաջորդած Կիրակոս պատրիարքը վարժարանն ավելի զորացնելու համար, այն տեղափոխեց Սրբոց Հակոբյանց վանքի այն սրահը, որը Շղթայակիր պատրիարքը կառուցել էր Հովհաննես Կոլոտ պատրիարքի համար։ Կիրակոս Պատրիարքը ժառանգաւորաց վարժարանը հանձնում է Լիմ անապատի միաբան Սիմեոն Վարդապետին։ Ինչպես նաև հրավիրում է իր ժամանակի մեծ մտավորական և ուսուցիչ Տիգրան Սավալանեանցին։
Հատկացված տարածքը բավարար չէր պահանջվածին, ուստի Կիրակոս պատրիարքը փորձեց հատուկ շենք կառուցել, բայց ձախողվեց։
Հովհաննես պատրիարքը 1851 թվականին պատրիարքարանի շենքը կառուցելուց հետո կառուցում է նաև Չամ թաղը (անվանումը գալիս է տարածքին մոտ գտնվող մայրու ծառերից), որի հիմքերը Կիրակոսն էր դրել, իբրև ուխտավորաց թաղ։ Հովհաննես պատրիարքը ձեռնարկում է նաև վարժարանի շինությունը, որն այժմ գտնվում է սբ. Հրեշտակապետաց վանքից մի քանի մետր հեռու գտնվող խաղադաշտին կից (ճարտարապետ Իզմիրցի Սարգիս) ։ Արդեն 1857 թվականին շենքը պատրաստ էր շահագործման համար, սակայն զանազան պատճառներով նորակառույց շենքի բացումը հետաձգվում էր։ 1860 թվականին մահացավ Հովհաննես պատրիարքը, իսկ Երուսաղեմի պատրիարքական աթոռը թափուր մնաց մինչև 1865 թվականը։ Վարժարանի բացումը կատարեց նրան հաջորդող Եսայի պատրիարքը, ով ճեմարանին կցեց նաև Չամ թաղը՝ ավելացնելով գիշերօթիկ վարժարանի համար պահանջվող սենյակների թիվը։ 1915 թվականին վարժարանը փակվում է թուրքական կառավարության կողմից։ Աշակերտները զինվորագրվում են, իսկ տեսուչը՝ Մեսրոպ Վարդապետ Նշանյանը, և պատրիարքը՝ բանտարկվում են։ 1916 թ. Վարժարանը վերաբացվում է որպես դպրոց Սահակ Վարդապետ Խապայեանի կողմից, ով նախկին շրջանավարտն էր նույն ժառանգավորացի և ով հետո Կիլիկիայի կաթողիկոս դարձավ, սակայն բուն վերաբացումը կատարեց Եղիշե Պատրիարք Դուրյանը (Պետրոս Դուրյանի եղբայրը) 1921 թ.-ին։ Որպես ժառանգավորներ ընդունվում են Մեծ Եղեռնից որբացած խելացի պատանիներ և տեսուչ է նշանակվում Բաբկեն եպիսկոպոս Կյուլեսերյանը։ 1927 թվականին բացի Կյուլպենկյան ընտանիքի հովանավորությամբ գործող դասարանից, ժառանգավորաց վարժարանում կազմվում են ևս երկու դասարաններ՝ Մելքոնյան եղբայրների նվիրատվությամբ և կոչվում «Մելքոնյան» դասարաններ։
1931 թ.-ին Թորգոմ Պատրիարք Գուշակյանի գահակալությամբ ժառանգավորաց վարժարանը և ընծայարանը հատուկ խնամքի առարկա են դառնում։ 1932 թ.-ին տեսչությունն է ստանձնում Տիրան Վրդ. Ներսոյեանը և 1934 թվականին ուսուցչության են հրավիրվում երկու մեծանուն մտավորականներ՝ գրականագետ Հակոբ Օշականը և մանկավարժ-իմաստասեր Շահան Պերպերյանը։ Այս տարիների ընթացքում աշակերտներ ընդունվեցին արաբական երկրներից՝ Լիբանանից, Սիրիայից և այլն։
Վարժարանը գտնվում է Երուսաղեմի հայոց Մատենադարանի աջ կողմում, շրջապատված փոքրիկ ու գեղեցիկ պարտեզով։ Վարժարանը կազմված էր երկու կառույցներից՝ բնակելի մասնաշենքից և բուն վարժարանից (Չամ թաղ)։ Բուն վարժարանը ուներ կանոնավոր քառանկյան տեսք՝ 51 մ. երկարությամբ և 29 մ. լայնությամբ, որն է՝ 1480 տարածություն։ Ննջարանային մասնաշենքը երկհարկանի էր՝ մեջտեղում բաց տարածությամբ։ Գետնահարկում՝ արևմտյան և արևելյան կողմերում, դեմ դիմաց գտնվում էին իննական միանման և համաչափ սենյակներ։ Վարժարանի գործարկման տարիներին այդ սենյակները հատկացվում էին Ընծայարանի աշակերտներին և սարկավագներին։ Առաջին հարկում էին գտնվում հանդերձատունը, խոհանոցը և լվացարանը, իսկ վերին հարկում՝ տեսչարանը, ժառանգավորների ննջարանները, մեկ կամ երկու ուսուցիչների սենյակներ, գրադարանը և այլն։ Ժառանգավորաց վարժարանի շենքը ուներ շատ գեղեցիկ ճարտարապետական տեսք, որի ընդարձակ սենյակը ծառայում էր իբրև սերտարան, չորս սենյակներից երեքը իբրև դասարաններ, իսկ մեկում պահվում էին բնագիտական գործիքները։ Շենքը արտաքինից 21 մ. թևերով և 240 տարածությամբ քառակուսու տեսք ունի՝ գեղեցիկ ճակատային հատվածով։ Ներսից կառույցը խաչաձև է, իսկ տանիքի կենտրոնում վեր է խոյանում մի սրածայր գմբեթ՝ գագաթը հատակից 15 մ. բարձրությամբ։ Պատերի մեջ պահարաններ կային (ութը՝ հյուսիսից հարավ գնացող թևերի մեջ և չորս ավելի փոքրերը մնացած թևերում), որոնք լցված էին պատմական, հնագիտական, ազգաբանական գրքերով և առարկաներով, որոնք պետք է կազմեին Ս. Հակոբյանց թանգարանի կորիզը։ Ճեմարանի ներքնահարկը Երուսաղեմահայ երեխաների համար, հաճախ ծառայել է իբրև դպրոց Մեսրոպյան անվամբ, երբեմն էլ՝ գծագրության դասարան։
1975 թվականը մի նոր էջ բացեց Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի պատմության մեջ։ Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Վեհափառ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կ.Պոլսի Պատրիարք Տ. Շնորք Արքեպիսկոպոսի, Տ. Եղիշե Պատրիարքի և Ս. Յակոբեանց միաբանության ներկայությամբ, ազգի մեծ բարերարի կողմից բացվեց նորակառույց շենքը, որը կոչվեց Ալեքս և Մարի Մանուկյան Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան։
Ժառանգավորաց վարժարանը առատ հունձքով հոգևոր հովիվներ և առաջնորդներ է պատրաստել պատմական Հայաստանի երբեմնի շեն թեմերին և ծխերին։
Իսկ 1921 թվականից սկսած, երբ արևելյան Հայաստանը Խորհրդային ռեժիմին էր ենթարկվում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը քայքայված էր, Կիլիկիայի կաթողիկոսությունը տարագիր էր իր սրբազան աթոռից և հայրենիքից և Կ. Պոլսոյ պատրիարքության ենթակա հոգևոր դպրանոցները փակված էին թուրքական նոր կառավարության կողմից, Երուսաղեմի վարժարանի շրջանավարտ-եկեղեցականներից էր, որ Սուրբ Աթոռը առաքեց հայկական սփյուռքի հին և նոր հաստատվող համայնքներին որպես հովիվներ և առաջնորդներ։
Խորհրդային միության փլուզումից հետո 1991 թվականից սկսած, երջանկահիշատակ Թորգոմ Պատրիարք Մանուկյանի նախաձեռնությամբ աշակերտները բերվեցին նաև Հայաստանից։
Ներկայումս վարժարանն ունի երկու բաժին՝ վարժարան (4 տարի) և ընծայարան (3 տարի)։ Առաջինում դասավանդվում են գրականություն,գրաբար, լեզու,տրամաբանություն, պատմություն եբրայերեն, արաբերեն,անգլերեն երկրորդում՝ աստվածաբանություն,Վարդապետական Աստվածաբանություն,ճարտասանություն ,հոգեբանություն իմաստասիրություն, եկեղեցական, մեթոդական և այլ առարկաներ։ Ուսուցչական կազմը՝ շուրջ 20 հոգևորական և աշխարհական։ Վարժարանում դասավանդել են Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանը, Բաբկեն արքեպիսկոպոս Կյուլսերյանը, Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանը, Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանը, Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, Նորայր արքեպիսկոպոս Պողարյանը, Հակոբ Օշականը, Շահան Պերպերյանը, Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը և ուրիշներ։ Այժմ վարժարանն ունի քառասուն ժառանգավորներ և ընծայարանի ուսանողներ Հայաստանից, Աբխազիայից,Ռուսաստանից ԱՄՆ-ից և Վրաստանից ովքեր շարունակում են իրենց հանձնված առաքելությունը հովանավորությամբ Սուրբ Աթոռի գահակալ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի։
Աստուծո ողորմությամբ և սրբոց Հակոբեանց բարեխոսությամբ ժառանգավորաց վարժարանը պատմության ընթացքում լիովին կատարել է իր հիմնադիրների և երախտավորների նպատակը՝ միշտ հիմնվելով նրանց տեսիլքին և լուսավոր ապագայի երազին։ Շրջանավարտ հոգևորականները զինվորագրվել են Ս. Հակեբեանց միաբանության շարքերը և իրենց նվիրական ծառայությունն են մատուցում Քրիստոսակոխ սրբավայրերի պահպանության և Երուսաղեմահայ համայնքի հոգևոր և բարոյական դաստիարակության գործում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կրոնի հանրագիտարան Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 643)։ |