V դարի հայ պատմագրության մեջ իր ուրույն տեղն ունի պատմիչ Եղիշեն, որը հեղինակել է «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին»գիրքը։ Եղիշեի կենսագրական տվյալները հիմնականում չեն պահպանվել։ Եղիշեի մասին որոշակի տեղեկություններ են պահպանվել «Ճառընտիրի» մեջ՝ Անանուն հեղինակի կողմից։ Այդ տեղեկություններից պարզ է դառնում, որ Եղիշեն Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտն է եղել, ով հայրենիքում կրթություն ստանալուց հետո անցնում է Ալեքսանդրիա՝ ուսումը շարունակելու։ Կարծիք կա, որ Եղիշեն Ալեքսանդրիա է մեկնել 434 թվականին։ Եթե հաշվի առնենք այդ հանգամանքը, ապա այդ ժամանակ նա 20-25 տարեկան էր ու հավանաբար ծննդյան տարեթիվը տատանվում է 410-415 թվականների սահմանում։ Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է Ալեքսանդրիայի հռչակավոր համալսարան։ Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է Հայաստան՝ ստանալով վարդապետական աստիճան։ Հայրենիք վերադառնալով՝ ըստ ավանդապատման, դարձել է Վարդան Զորավարի գրագիրը, 451 թ հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել։ Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում՝ մի քարայրում, որը հետագայում կոչվել է «Եղիշեի Այր»։ Հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին» երկը և աստվածաբանական[2] և կանոնական[3], խրատական[4] բնույթի աշխատություններ։Պատմիչն իր կյանքն անց է կացնում Ռշտունյաց գավառի ծովափնյա այրերում, որտեղ էլ 470-475 թվականներին մահանում է։ Նրա գերեզմանը գտնվում է Ոստան գավառում, Վանա լճի ափի Չաղար կամ Չարահան Ս․Նշան վանքում։
«Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» բովանդակությունը և կառուցվածքը
Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»)[5], որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբերան»։ Եղիշեի գիրքը սկզբնաղբյուր է դարձել Դերենիկ Դեմիրճյանի«Վարդանանք» վեպի համար։
Եղիշեի աշխատության մեկենասը եղել է Մամիկոնյան Դավիթ երեցը։ Սկզբնական շրջանում Եղիշեի պատմությունը կաչվում էր «Վասն հայոց պատերազմին», բայց ինչպես Մանուկ Աբեղյանն է վկայում, հետագայում ավելացվել է նաև «Վարդանայ» անունը։ Հավանաբար, Եղիշեն իր աշխատությունը ավարտել է 458-464 թվականների միջակայքում։ Նրա աշխատությունն ընդգրկում է շուրջ մեկ տասնամյակի պատմություն՝ 440-ական թվականների վերջերից, երբ մահացել էին իր ուսուցիչներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը՝ հասցնելով մինչև 450-ական թվականների սկիզբը՝ մասնավորապես ներկայացնելով հայ-պարսկական իրադարձությունները։ Համաձայն այլ համանման կարծիքի՝ քանի որ աշխատությունն ավարտվում է պարսից Հազկերտ Բ-ին հաջորդած Պերոզ թագավորի 5-րդ տարվա դեպքերով, ըստ այդմ Եղիշեի երկը գրված է մոտ 462-465 թթ։ Հարկ է նշել, որ Եղիշեի աշխատությունը արժանահավատ է այնքանով, որ նա եղել է ոչ միայն դեպքերի ականատես, այլև մասնակից։
Հարկ է նշել, որ աշխատության հեղինակը ոչ թե 449/50 թվականի Արտաշատի ժողովի մասնակից Տեր Եղիշե Ամատունյաց եպիսկոպոսն է, այլ 444/45 թվականի Շահապիվանի եկեղեցական ժողովի մասնակից և քարտուղար՝ դրան երեց Եղիշե Մոկացին, որն այդ ժամանակ Վասակ Սյունու ադենադպիրն էր։
Եղիշեի պատմությունը բաղկացած է համառոտ առաջաբանից՝ ընծայականից «Դավիթ Երեցու Մամիկոնի հայցեալ» ու յոթ եղանակներից (այսպես էր նա անվանում աշխատության գլուխները) և երկու հավելվածներից՝ «Դարձեալ վասն խոստովանող աշակերտաց նոցունց» և «Անուանք նախարարանցն»։ Հավելվածները եղանակներից տարբերվում են զուտ իրենց վկայաբանական բովանդակությամբ։ Ակներև է, որ Ընծայականը գրված է Պատմության շարադրանքից հետո, որտեղ հեղինակն ամփոփել է իր ողջ ասելիքը։
«Այն գործը, որ պատվիրեցիր, կատարեցի, ո՛վ առաքինի․ Հայոց պատերազմի մասին հրամայեցիր գրել, որի մեջ քչերի հանդեպ շատերն առաքինի գտնվեցին։
Ահա շարադրեցի այս յոթը գլուխների մեջ։
Առաջին՝ Ժամանակը։
Երկրորդ՝ Արևելքի իշխանի ձեռնարկած գործերը։
Երրորդ՝ Եկեղեցու ուխտի միաբանությունը։
Չորրորդ՝ նույն ուխտից բաժանված մի քանի երկպառակությունը։
Հինգերորդ՝ Արևելցիների հարձակումը։
Վեցերորդ՝ Հայերի ընդդիմանալը պատերազմով։
Յոթերորդ՝ Խռովության գործերի երկարաձգումը։
Այս յոթ գլուխների մեջ կարգով գրեցի և մանրամասն շարադրեցի սկիզբը, միջին ու ավարտը,,,»[6]։
Առաջին գլխում նա համառոտ անդրադառնում է Արշակունիների թագավորության անկմանը, պարսից տիրապետության հաստատմանը, ներկայացնում ծանր հարկային քաղաքականությունը, ինչպես նաև հայ նախարարների ունեցած իրավունքները։ Եղիշեն պատմում է, որ հայոց այրուձին անհրաժեշտության դեպքում կռվում էր պարսից զորքի կողքին՝ ընդդեմ երրորդ երկրի։
Երկրորդ գլխում հեղինակը ներկայացնում է Հազկերտ Բ-ի կրոնափոխության առաջարկը, Հայաստան ուղարկված հրովարտակին, ինչպես նաև Արտաշատի ժողովին։ Բացի դրանից վերլուծում Վասակի և Վարդանի կերպարները։
Իր աշխատության առանցքային հատվածը՝ Ավարայրի ճակատամարտը, հեղինակը շարադրել է 6-րդ գլխում, իսկ վերջին գլխում՝ պատերազմի հետևանքները, մասնավորապես Պարսկաստան օտարված մեծամեծերը, որոնց մեջ էր նաև կաթողիկոս Հովսեփ Վայոցձորեցին։ Աշխատությունն ավարտվում է «գերության մեջ տառապող հայ փափկասուն կանանց ծանր դրության աննման նկարագրությամբ»։
Եղիշեի երկը 5-րդ դարի առաջին կեսի Սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ մղված հայ ազատագրական պայքարի պատմության համադրությունն է, որն առավել հայտնի է Վարդանանց պատերազմ անունով։ Աշխատության մեջ ներկայացված է ընդամենը 36 տարվա պատմություն՝ 428-464 թթ․։
Ողջ ապստամբական շարժումը հեղինակը բաժանել է երեք շրջանի՝ զսկիզբ, որտեղ խոսվում է Վարդանանց պատերազմի պատճառների մասին, զմիջոցն՝ ներկայացված է ապստամբության սկիզբը և ընթացքը, զկատարումն՝ խոսվում է ապստամբության վախճանի և հետևանքների մասին։ Եղիշեն հստակ նշում է ազատագրական պայքարի գլխավոր պատճառները։ Առաջին պատճառը պարսից կառավարության քրիստոնեահալած քաղաքականությունն էր և մասնավորապես 449 թ․ հայերին ուղարկված հավատափոխման թուղթը։ Երկրորդը՝ հարկային ծանր քաղաքականությունն էր, որը սկսել էր կիրառվել դեռևս 447թ․՝ Հայաստան ուղարկված Դենշապուհի աշխարհագրով։ Երրորդ՝ Հայկական այրուձիի հեռացնելը, որի արդյունքը կլիներ հայերի դիմադրողական կարողության թուլացումը։ Դրան գումարած՝ պաշտոններից հայերին հեռացնելը։ Հենց այս բոլորի հետևանքով էլ սկսվեցին ժողովրդական հուզումներն ու պատերազմը։ Հազկերտ Բ-ի կործանարար քաղաքականությունը դրդեց հայերին դիմել ինքնապաշտպանական գործողությունների։
Ըստ Եղիշեի՝ հայերի համար դավանանքի կորուստը հավասարազոր է ազգային ինքնության կորստի, քանզի այն մի ամբողջության մեջ է միավորում եկեղեցի, ազգ և երկիր հասկացությունները։ Հեղինակն իր երկում գլխավոր շեշտը դնում է քրիստոնեական կրոնին հավատարիմ մնալու հանգամանքի վրա։ Այն հարցին, թե ինչու է Եղիշեն հեղինակել նման մի երկասիրություն, Եղիշեն բացատրում է այսպես, որպեսզի նեղ օրերում այն լինի «սիրելիների համար՝ մխիթարություն, հուսացողների համար՝ հույս և քաջերի համար՝ քաջալերություն»։
Եղիշեի աշխատությունը հայերեն, գրաբար կամ աշխարհաբար լույս է տեսել շուրջ 30 անգամ։ Հրատարակումներից ամենահաջողվածը 1957 թվականին Երևանում լույս տեսածն է։
Zekiyan Boghos Levon, Quelques observations critiques sur le "Corpus Elisaeanum",- The Armenian Christian Tradition /Taft Robert Francis. - Roma։ Pontificium Institutum Studiorum Orientalium / Pontificio Istituto Orientale, 1997. - p. 71-123.
Ełišēi. History of Vardan and the Armenian War. Translation and Commentary by R. W. Thomson. Cambridge, Mass.։ Harvard University Press, 1982, ISBN 0674403355.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 506)։