Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն

Բաշկիրական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ռուս.՝ Башкирская Автономная Советская Социалистическая Республика, բաշկիրերեն՝ Башҡорт Автономиялы Совет Социалистик Республикаhы, Başqortostan Avtonomijalь Sovet Sotsialistik Respublikahь), կամ ԲԻԽՍՀ, Բաշկիրիա, Բաշկորտոստան, ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն ՌԽԴՍՀ կազմում։ Ստեղծվել է 1919 թվականի մարտի 23-ին։ Տարածքը կազմում է 143,6 հազար կմ², բնակչությունը՝ 3828 (1975), Մայրաքաղաքը Ուֆա քաղաքն է։ Ունի 53 գյուղական շրջան, 17 քաղաք և 38 քաղաքատիպ ավան։

Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն
flag of the Bashkir Autonomous Soviet Socialist Republic? Զինանշան


ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան
Կարգավիճակautonomous republic of Russian SFSR? և տարածաշրջան
Մտնում էՌԽՖՍՀ[1]
ՎարչկենտրոնՈւֆա[2]
Բնակչություն3 943 100 մարդ
Հիմնադրված էմարտի 20, 1919[3] թ.
Սահմանակցում էՄիջինվոլգյան երկրամաս և Օրենբուրգի մարզ
ՀապավումБашкирская АССР, Башҡорт АССР-ы, Башкирська АРСР, Başqırd MSSR, Башкиры АССР, ҶМШС Бошқирдистон և БАССР
ՆախորդBashkiria?
ՓոխարինեցՈւֆայի նահանգ

Պետական կարգ

խմբագրել

Բաշկիրական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետություն է, խորհրդային ինքնավար հանրապետություն։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ գերագույն խորհուրդն է, կառավարությունը՝ Մինիստրների խորհուրդ։ Պետական իշխանության տեղական մարմինները բնակչության կողմից երկու տարի ժամանակով ընտրվող աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական խորհուրդներն են։ Գերագույն խորհուրդն ընտրում է գերագույն դատարան։ Բաշկիրական ԻՍՍՀ դատախազը նշանակվում է ՍՍՀՄ գլխավոր դատախազի կողմից՝ 5 տարի ժամանակով։

Բնություն

խմբագրել

Բաշկիրիան գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծում, գրավում է Արևելա–Եվրոպական հարթավայրի արևելյան մասը, Հարավային Ուրալի և բարձրադիր հարթավայրային Անդրուրալի մի մասը։ Արմտյան մասը հարթավայրային է, արևելյանը՝ լեռնային։ Հարուստ է նավթով, գազով, ածխով, քարաղով, պղնձով և ցինկով։ Կլիման ցամաքային է։ Հունվարին միջին ջերմաստիճանը արևմտյան մասում -14 °C է, արևելյանում՝ -17,5 °C, հուլիսին՝ 20,5 °C և 16,5 °C։ Տեղումների տարեկան միջին քանակը 300-500 մմ է (լեռներում՝ 500-600 մմ)։ Գլխավոր գետը Կամայի վտակ Բելայան է, Անդրուրալը հարուստ է լճերով։ Հիմնականում տարածված են սև, մոխրագույն անտառային և ճմապոդզոլային հողերը։ Անտառներում տիրապետում են կաղնին, լորին, եղևինը և եղևնին։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Բաշկիրական արգելանոցը զբաղեցնում է 72 հզ․ հա[4][5][6]։

Բնակչություն

խմբագրել

Բաշկիրիայում բնակվում են բաշկիրներ, նաև` ռուսներ, թաթարներ, չուվաշներ, ուկրաինացիներ և այլն։ Քաղաքային բնակչությունը 48% է, 1970 թվականի տվյալներով` միջին խտությունը 1կմ² վրա կազմել է 26,6 մարդ։ Խոշոր քաղաքներն են Ուֆան, Ստեռլիտամակը, Սալավաթը, Օկտյաբրսկին, Բելորեցկը, Իշիմբայը։

Պատմական ակնարկ

խմբագրել

Արաբական գրավոր աղբյուրներում բաշկիրները հիշատակվում են 9-10 դարերում, «բաշգիրդ» անունով։ 9-13 դարերում նրանք ապրում էին Նախաուրալում, Հարավային Ուրալում, Վոլգա և Յաիկ գետերի շրջանում, զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ 12 դարի վերջին և 13 դարի սկզբին սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ 10-13-րդ դարերում արևմտյան Բաշկիրիան հպատակվում էր բուլղարներին։ 10-րդ դարից սկսած արևմտյան Բաշկիրիա է ներթափանցել իսլամը։ 13-րդ դարի 1-ին կեսին Բաշկիրիան ընկել է մոնղոլների տիրապետության տակ։ Ոսկե Հորդայի անկումից հետո Բաշկիրիան բաժանվել է տարբեր խանությունների։ Իվան 4-ի ժամանակ, Կազանը ռուսների գրավումից հետո, բաշկիրներն ընդունել են ռուսական հպատակություն։ 1557-ին Բաշկիրիայի մեծ մասը ինքնակամ մտել է Ռուսաստանի կազմի մեջ։ Որպես ազգություն բաշկիրները հիմնականում ձևավորվել են 16-րդ դարում։ Տեղական և ռուսական ֆեոդալների ճնշումը, դաժան հարկահանությունը պատճառ են դարձել հաճախակի ապստամբությունների, որոնք ճնշվել են ինքնակալության կողմից։ 1744 թվականից Բաշկիրիան վարչականորեն մտնում էր Օրենբուրգի նահանգի մեջ։ Սալավաթ Յուլաևի գլխավորությամբ բաշկիրները մասնակցել են Ե․ Ի․ Պուգաչովի գյուղացիական ապստամբությանը։ 1788 թվականին Ուֆան դարձել է Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր կենտրոններից մեկը։ 1861 թվականի ռեֆորմը որոշ փոփոխություն է մտցրել բաշկիրների վիճակի մեջ։ 1865 թվականին կազմվել է Ուֆայի նահանգը, ամրապնդվեց բաշկիրների նստակեցությունը, ընդարձակվեց հողագործությունը։ Ետռեֆորմյան շրջանում Բաշկիրիայում զարգացան կապիտալիստական հարաբերությունները։ 1885–1890-ին կառուցվել է Սամարա–Զլատոուստ երկաթգիծը։ Ուֆան վերածվել է առևտրա-վարչական կենտրոնի, սակայն Բաշկիրիան մնում էր հումքի աղբյուր ռուս կապիտալիստների համար։

Բաշկիրիայում առաջին սահմանադրական դատարանի խմբակներն առաջացել են Ուֆայում, 1895-97 թվականներին։ 1900 թվականին հիմնվել է առաջին մարքսիստական խմբակը։ 1900-ի փետրվարին և հունիսին Ուֆա է այցելել Վ. Ի. Լենինը։ 1903-ի հունվարին ստեղծվել է ՌՍԴԲԿ-ի Ուֆայի կոմիտեն։ 1905-ի մայիս–օգոստոս ամիսներին Ուֆայի և Օրենբուրգի նահանգներում տեղի է ունեցել 30-ից ավելի գործադուլ, հոկտեմբերին՝ 19 քաղաքական գործադուլ։ 1905-ի դեկտեմբերի 7-ին ստեղծվել է Ուֆայի բանվորական դեպուտատների խորհուրդը։ 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Բաշկիրիայում առաջացել են բանվորագյուղացիական խորհուրդներ։ Հոկտեմբերի 26-ին Ուֆայում հռչակվել է խորհրդի իշխանություն։ 1918-ի հուլիսի սկզբին սպիտակ չեխերը և սպիտակգվարդիականները գրավել են Չելյաբինսկը, Ուֆան, Օրենբուրգը։ 1918-ի սեպտեմբերին Ուֆայում ստեղծվել է սպիտակ գվարդիական-էսեռական կառավարություն։ 1918-ի վերջերին սկսվել է կարմիր բանակի հարձակումը Կոլչակի զորքերի դեմ։ 1919-ի հունիսի 9-ին 25-րդ հեծյալ դիվիզիան ազատագրել է Ուֆան։ 1922-ի հունիսի 14-ին ստեղծվել է ԲԻԽՍՀ՝ Ուֆա մայրաքաղաքով[7]։

Սոցիալիստական շինարարության տարիներին Բաշկիրիան վերածվել է ինդուստրիալ-ագրարային հանրապետության։ 1932-ի մայիսին սկսել են գործել Իշիմբայի շրջանի նավթահորերը։ Բաշկիրիան դարձել է նավթարդյունաբերության նոր կենտրոն՝ «Երկրորդ Բաքու» անունով։ Ստեղծվել են արդյունաբերության նոր ճյուղեր։ Զարգացել է բազմաճյուղ գյուղատնտեսությունը։ Իրականացվել է կուլտուրական հեղափոխությունը. վերացվել է անգրագիտությունը, աճել են բանվորների և մտավորականության ազգային կադրեր, զարգացել բաշկիրական գրականությունն ու արվեստը։ Բաշկիրները համախմբվել են որպես սոցիալիստական ազգ։ 1935-ի մարտի 15-ին Բաշկիրիան պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրի արևմտյան շրջաններից Բաշկիրիա են տեղափոխվել շուրջ 90 ձեռնարկություն, 250 հազար մարդ։ Ռազմաճակատներում ցուցաբերած խիզախության համար Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել Բաշկիրիայի 250 քաղաքացիներ։ Ետպատերազմյան տարիներին Բաշկիրիայի տնտեսությունը շարունակում էր արագ զարգանալ։ 1968 թվականին հանրապետության խոշոր արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1913-ի համեմատությամբ ավելացել է 414 անգամ։ 1957-ի հունիսի 13-ին Բաշկիրիան պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով, 1969-ի մարտի 21-ին, հանրապետության 50-ամյակի առթիվ՝ Հոկտեմբերյան հեղափոխության, 1972-ին՝ Ժողովուրդների բարեկամության շքանշաններով[8][9]։

Արդյունաբերություն

խմբագրել

1970-ին Բաշկիրիան նավթի հանույթով ԽՍՀՄ–ում գրավում էր 2-րդ տեղը։ Նավթն արդյունահանվում էր Թույմազինի, Իշիմբայի, Շկապովի, Առլանի և Չեքմագուշևի հանքավայրերից։ Արդյունահանվում է բնական գազ։ Կան նավթավերամշակման և գազաբենզինի ձեռնարկություններ։ Հարավում կա գորշ ածուխ։ Բաշկիրիայի էներգետիկ համակարգը միավորված է Ուրալյան և Մերձվոլգյան համակարգերի հետ։ Աղի և կրի տեղական պաշարների հիման վրա գործում է Ստեռլիտամակի սոդայի–ցեմենտի խոշոր կոմբինատը։ Ոսկու հանքավայրեր կան Անդրուրալում։ Ունի սև մետաղների արտադրություն։ Զարգացած է մեքենաշինությունը և մետաղամշակությունը։ Կարևոր նշանակություն ունի անտառարդյունաբերությունը, փայտամշակությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսության համար օգտագործվում է ամբողջ տարածքի 1/2-ից ավելին։ 1968-ին կար 99 խորհրդային տնտեսություն և 651 կոլտնտեսություն։ Վարելահողերը գրավում են 4,9 մլն հա։ Մշակում են ցորեն, տարեկան, վարսակ, հնդկացորեն, կորեկ։ Պտուղները և հատապտուղները զբաղեցնում են 13,6 հազար հա։ 1969-ին կար 2035 հզ․ գլուխ խոշոր, 3095 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 904 հազար խոզ։ Զբաղվում են նաև ձիաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Տրանսպորտ

խմբագրել

Երկաթուղիների երկարությունը 1197 կմ է։ Գլխավորը Կույբիշև–Ուֆա–Չելյաբինսկ էլեկտրիֆիկացված երկաթուղին է։ Նավթամուղների երկարությունը 3259 կմ է, խճուղիների երկարությունը՝ 9,4 հազար կմ։

Առողջապահություն

խմբագրել

1969-ի հունվարին հաշվվում էր 375 հիվանդանոց 32,8 հազար մահճակալով, 505 պոլիկլինիկա, 6353 բժիշկ, 23,3 հազար միջին բուժաշխատող։ Ունի մի շարք կուրորտներ։

Ժողովրդական կրթություն

խմբագրել

1969-70 ուսումնական տարում 4636 դպրոցներում սովորել են 922,6 հազար աշակերտ, 63 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 60 հազարից ավելի ուսանող։ Գործում են Բաշկիրական համալսարանը և բարձրագույն ուսումնական 8 այլ հաստատություններ՝ 41,4 հազար ուսանողով։ Ունի 1754 գրադարան, 3166 ակումբ, 7 թանգարան, 7 թատրոն, 2768 կինոթատրոն։ 1951-ին կազմակերպվել է ԽՍՀՄ ԳԱ բաշկիրական մասնաճյուղը։ ԳՀԻ-ներում 1969-ին աշխատում էին 370-ից ավելի գիտաշխատող, այդ թվում՝ 18 գիտական դոկտոր և 140 գիտության թեկնածու։

Մամուլ

խմբագրել

1968-ին ռուսերեն, բաշկիրերեն, թաթարերեն, մարիերեն, չուվաշերեն և ուդմուրտերեն հրատարակվել է 112 թերթ` 966 հզ․ օրինակ ընդհանուր տպաքանակով։ Հանրապետական թերթերն են եղել․ բաշկիրերեն «Սովետ Բաշկորտոստանի», «Սովետսկայա Բաշկիրիյա», թաթարերեն «Կիզիլ տան», բաշկիրերեն և ռուսերեն «Լենինսե»։

Գրականություն

խմբագրել

Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը բաշկիրները չունեին գիր ու գրական լեզու։ 18-19-րդ դարերում բաշկիր գրողները գրել են գրքային թուրքերենով, իսկ 20-րդ դարի սկզբից՝ թաթարերենով։ Բաշկիրական ժողողովրդական ստեղծագործության նմուշներից են էպոսը, պատմական ու կենցաղային երգերը, հեքիաթներն ու լեգենդները, որ գրի են առնվել 19-րդ դարում։ Ժողովրդական ստեղծագործությանը մոտ են Ե․ Պուգաչովի զինակից Սալավաթ Յուլաևի բանաստեղծություններն ու երգերը։ 18-19-րդ դարերի բանաստեղծներ Թ․ Յալսղուլը, Գալի Սոկրիյը, Շ․ Զաքին, Գ․ Սալիհովը գրել են հիմնականում կրոնա-խրատական երգեր։ Բաշկիրիայի գրականության ականավոր դեմքերից է Մաժիթ Ղաֆուրին, որի «Կարմիր դրոշ» ժողովածուն հիմք է դրել բաշկիրական հեղափոխական քնարերգությանը։ 20-րդ դարի սկզբին գրականություն են մուտք գործել քաղաքացիական պատերազմի մասնակից գրողներ Ղ․ Ղումերը, Բ․ Իշեմգուլովը, Թ․ Յանաբին, Ի․ Նասիրին։ 1920-ական թվականներին վերջին ծավալվել է Ս․ Ագիշի, Գ․ Ամանթայի և Ա․ Կառնայի գրական գործունեությունը։ 1930-ական թվականներին գրականությունը զարգացել է սոցիալիստական ռեալիզմի ուղիով։ Կոլեկտիվացման թեմային են նվիրված Բ․ Բիքբայի, Խ․ Դավլեթշինայի, Մ․ Կուդաշի, Ա․ Թահիրովի, Մ․ Խայի ստեղծագործությունները։ Բանվոր դասակարգի կյանքն է արտացոլված Ա․ Կառնայի «Իշիմբայ» ծավալուն ակնարկում, Ա․ Թահիրովի «Մեքենաների արյունը» վիպակում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին վերելք է ապրել բաշկիրական պոեզիան։ Ետպատերազմյան շրջանում լույս են տեսել Կ․ Մերգենի «Նարշթաուի փեշերին», Ս․ Կուդաշի «Գարնանն ընդառաջ» վիպակները, Խ․ Դավլեթշինայի «Իրգիզ», Ա․ Վալեևի «Առաջին քայլերը», Դ․ Իսլամովի «Առատաձեռն հողը» վեպերը։

Ճարտարապետություն և կերպարվեստ

խմբագրել

Բաշկիրիայի անասնապահները դարեր շարունակ ապրել են թաղիքե յուրդերում և հոլիկներում, անտառային ու լեռնային շրջաններում՝ փայտե խրճիթներում։ 16-18-րդ դարերում կազմավորվել են Ստեռլիտամակ, Բելեբեյ, Բիրսկ, Ուֆա քաղաքները, ուր փայտյա տների կողքին 19-րդ դարում կառուցվել են քարե շենքեր։ Խորհրդային իշխանության օրոք վերակառուցվել են հին քաղաքները, ստեղծվել են նորերը։ Ժամանակակից ոճի, պարզ, լակոնիկ ձևերով շենքեր են կառուցվել Ուֆայում, Օկտյաբրսկում, Սալավաթում և այլ քաղաքներում։ Բաշկիրական կերպարվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են նախահեղափոխական շրջանի նկարիչները՝ Կ․ Ա․ Դավլեթքիլդեևը, Մ․ Ն․ Ելգաշտինան, Ա․ Է․ Տյուլկինը և ուրիշներ։ 1920-ին Ուֆայում բացվել է Գեղարվեստական թանգարան, 1926-ին՝ Գեղարվեստական ուսումնարան։ 1930-1940-ական թվականներին Բաշկիրիայի գեղանկարչության մեջ զգալի տեղ են գրավում պատմահեղափոխական և սոցիալիստական շինարարության թեման։ 1950-60-ական թթ․ երկրի բարձրագույն գեղարվեստական հաստատություններն ավարտած կերպարվեստագետները՝ նկարիչներ Վ․Պ․ Անդրեևը, Ն․ Ա․ Ռուսկիխը, Բ․ Ֆ․ Դոմաշնիկովը, Ա․ Դ․ Բուրզյանցևը, քանդակագործներ Տ․Պ․ Նեչաևան, Բ․ Դ․ Ֆազեևը, գրաֆիկներ Ռ․Գ․ Գումերով, և ուրիշներ զարգացման նոր աստիճանի են հասցրել Բաշկիրիայի արվեստը։

Երաժշտություն

խմբագրել

Բաշկիրական ժողովրդական երաժշտությունը միաձայն է։ Լադային հիմքը ինքնատիպ պենտատոնիկան է, որ զուգակցում է պենտատոնիկ-դիատոնիկ լադեր։ Տարածված են՝ ուզուն–քյույը, ուրթասա–քյույը, քսքա–քյույը։ Ժողգործիքներից են կուրայը, հարմոնը, կուբիզը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Բաշկրիայում սկսում է զարգանալ պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթը։ 1940-ական թթ․ բեմադրվել են բաշկիրական առաջին օպերաները՝ Մ․ Մ․ Վալեևի «Խակմար»-ը, Ա․ Ա․ Էյխենվալդի «Մերգեն»-ը, Ն․ Կ․ Չեմբերջիի «Կառլուգաս»-ը։ 1944-ին բեմադրվել է բաշկիրական առաջին բալետը՝ Լ․ Բ․ Ստեպանովի «Կռունկի երգը»։ Բեմադրվել են Զ․ Գ․ Իսմագիլովի «Սալավաթ Յուլաև», «Շաուրա» օպերաները, Ն․ Գ․ Սաբիտովի «Բուրատինո», «Գյուլնազիրա» բալետները[10][11]։

Թատրոն

խմբագրել

1919-ին Ստեռլիտամակում բացվել է առաջին ազգային թատրոնը, որը 1922-ից գործում է Ուֆայում։ 1920-30-ական թթ․ այստեղ բեմադրվել են բաշկիր դրամատուրգների գործերը, ինչպես և Գոգոլի, Օստրովսկու, Գորկու, Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի պիեսներն ու խորհրդային դրամատուրգիայի լավագույն ստեղծագործությունները։ 1941-45-ին բեմադրվել են Կիրեյ Մերգենի «Պատերազմ», Ռ․ Նիգմաթիի «Բելայա գետի ափին», Լ․ Լեոնովի «Արշավանք» և հայրենասիրական այլ պիեսները։ 1950-1960-ական թթ․ բաշկիրական թատրոնների խաղացանկում տեղ են գտել ժամանակակից կյանքին, հեղափոխական անցյալին և Հայրենական պատերազմին նվիրված պիեսներ։ Ռուսական թատրոններ են գործում Ուֆայում, Ստեռլիտամակում, ազգային դրամատիկ թատրոններ՝ Սիբայում և Սալավաթում, Տիկնիկային թատրոն՝ Ուֆայում։ Ուֆայի արվեստի ուսումնարանում և ինստիտուտում գործում են թատերական ֆակուլտետներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://pravo.ru/arbitr_practice/courts/823/
  2. https://bigenc.ru/geography/text/5603313
  3. https://science.openrepublic.ru/ru/articles/51346/
  4. Тахаев X․ Я․, Башкирия, М․, 1950; Նույնի, Природные условия и ресурсы Башкирской АССР, Уфа, 1959
  5. Xисматов М․ Ф․, Очерки по географии Башкирии, Уфа, 1963;
  6. Мослов М․ Д․, Цветаев А․ А․, География Башкирии, Уфа, 1963
  7. Аминев 3․ А․, Октябрьская социалистическая революция и гражданская война в Башкирии (1917–1919), Уфа, 1966
  8. Очерки по истории Башкирской АССР, т․ 1 (ч․ 1–2)–2, Уфа, 1956–1966
  9. История Башкирской АССР, 3 изд․, Уфа, 1968
  10. Рыбаков О․ Г․, Музыка и песни уральских мусульман, СПБ, 1897
  11. Лебединский Л․, Композиторы Башкирии, М․, 1955
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 294